Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ռուս-ուկրաինական դրաման և մենք

Ռուս-ուկրաինական դրաման և մենք
13.08.2024 | 20:16

Ռուս-ուկրաինական պատերազմում բեկում է տեղի ունենում:

Պատերազմի ողջ ընթացքում առաջին անգամ ուկրաինական զորքն անարգել մտավ ՌԴ Կուրսկի շրջան:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ է, որ Ռուսաստանի տարածք է ներխուժում օտարերկրյա զինուժ:

ՈՒսումնասիրելով ուկրաինական ստորաբաժանումների աննախադեպ մարտավարատակտիական ու ստրատեգիական գործողությունները՝ հասկանալի է դառնում, որ այն նախապես գերազանց պլանավորած, հաշվարկված ու հստակ ռազմավարությամբ սցենար է, որը համենայն դեպս, առ այս պահն իրեն արդարացնում է:

Կուրսկի հատվածում ՈՒկրաինայի ԶՈՒ-ն շարունակում է առաջխաղացումը՝ իր վերահսկողության տակ առնելով ավելի քան 1.000 քառակուսի կիլոմետր տարածք:

ՈՒկրաինական բանակը 3 ուղղություններով շարունակում է խորանալ ՌԴ տարածքում։

ՌԴ իշխանությունները և տեղեկատվական աղբյուրները, մեղմ ասած, ստում են սեփական ժողովրդին՝ հայտարարելով, թե Կուրսկում ուկրաինական զորքերի առաջխաղացումը կասեցված է:

Փաստացի Կուրսկի մարզի շուրջ 80 հազար խաղաղ բնակիչ տարհանվել է:

ՌԴ ինքնիշխան տարածքում ռուսական մի շարք ստորաբաժանումներ ու կալոնաներ ոչնչացվել են, գերեվարվել են ռուսական բանակի տասնյակ զինվորներ:

Ոչնչացման վտանգի տակ է ինչպես Ռուսաստանից Եվրոպա գազամուղը, այնպես էլ Սուդժայից ոչ շատ հեռու գտնվող Կուրսկի ատոմակայանը, որը Ռուսաստանի խոշոր ատոմակայաններից մեկն է:

Ըստ իս, ՈՒկրաինան իր առաջ խնդիր է դրել բլիցկրիգով օկուպացնել ռուսական այնքան տարածք, որքան կորցրել է, որպեսզի հետագայում բանակցություններում բարտերային փոխանակման տարբերակ առաջ քաշի:

Այն, որ ՌԴ-ն, մասնավորապես՝ բանակի և արտաքին հետախուզության մասով ձախողումներ ու տապալումներ է արձանագրում՝ փաստ է:

Որ իրավիճակը գնալով բարդանում է, իսկ պատերազմը թևակոխում նոր փուլ՝ ևս փաստ է:

ՌԴ նախագահ Պուտինը, համենայն դեպս, վստահեցնում է, որ «ՈՒկրաինային սահմանակից շրջաններում տեղի ունեցողի վերաբերյալ գնահատական տրվելու է»։

Ենթադրելի է, որ խոսքը և՛ համապատասխան պատժիչ գործողություններ իրականացնելու, և՛ սեփական բարձրաստիճան ռազմական ղեկավարությանը պատժի ու պատասխանատվության ենթարկելու մասին է:

Բնականաբար, նրա մոտ հարցեր են առաջացել, թե ինչպես կարող էր թշնամու զինուժն անխոչընդոտ թափանցել ու խորանալ ՌԴ տարածք:

Մինչ այդ, վերջինիս գերխնդիրն է թե՛ իր դեմքն ու ռեպուտացիան փրկելու, թե՛ իշխանությունը պահելու և թե՛ առաջիկայում ողջ երկիրն ու ժողովրդին փաստի առաջ

չկանգնեցնելու համար ազատագրել օկուպացված տարածքները:

Իսկ թե արդյոք միայն իր սեփական ուժերով դա հնարավոր է անել՝ պարզ կլինի առաջիկա օրերին:

Համենայն դեպս, Պուտինը խոսում է դաժան պատասխանի, սեղմ ժամկետներում թշնամուն հետ մղելու, սահմանակից շրջաններում հուսալի պաշտպանական գիծ ստեղծելու, ռազմաճակատի ողջ երկայնքով բանակի առաջխաղացման տեմպերն ավելացելու մասին:

Ինչ խոսք՝ գուցե այս ամենը նրան հաջողվի իրականացնել:

Ի դեպ, այս համատեքստում քննարկման առարկա է նաև այն, թե արդյոք Ռուսաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության, խախտված տարածքային ամբողջականության վերականգման և հետագա օկուպացիաները բացառելու համար ՀԱՊԿ-ը Ռուսաստսնին օգնության կհասնի՞։

Կարծում եմ՝ ոչ:

Ինչպես Հայաստանի դեպքում, այնպես էլ հիմա բացառություն չի լինի:

ՀԱՊԿ անդամ երկրները խուլ ու համր են, կարծես ոչինչ չեն տեսնում, կարծես ոչ մի պարտավորություն չեն ստանձնել:

Այդկերպ վերջիններս ապացուցում են, որ ՀԱՊԿ-ը մեռելածին, ֆիկտիվ կառույց է։

Շատերին հետաքրքիր է, թե այս իրավիճակում ո՞րն է մեր՝ Հայաստանի անելիքը կամ ինչպիսին պետք է լինի մեր արձագանքը:

Ասեմ. նախ ՌԴ-ն պետք է դիմի ՀԱՊԿ-ին:

ՀԱՊԿ-ը պետք է դիտարկի, թե որ կետով է ՌԴ-ն իրեն դիմել:

Արդյո՞ք դիմումը հավուր պատշաճի է կազմված ու դիմելու ընթացակարգում նորմատիվային, կանոնակարգային դրույթներ չեն խախտվել, թերացումներ չեն հայտնաբերվել:

Եթե ամեն ինչ ճիշտ է, ապա անդամ երկրները կարող են նախ դիտորդական առաքելություն ուղարկել Կուրսկ՝ տեղում հասկանալու իրավիճակը։

Մինչ այդ, տեղին կլինի խորը մտահոգություն հայտնելով՝ կողմերին սթափության ու զսպվածության, իրավիճակը չսրելու ու հանդուրժողականության կոչ անել, ինչպես նաև հասկանալ՝ արդյոք Ռուսաստանի և ՈՒկրաինայի սահմանն այդ հատվածում դելիմիտացված ու դեմարկացվա՞ծ է, թե՞ ոչ:

Իսկ եթե ոչ, ապա ցավոք, ՀԱՊԿ-ը չի կարող գնահատական տալ տեղի ունեցածին, քանի որ մինչև այդ սահմանը չդելիմիտացվի ու չդեմարկացվի, դժվար կլինի հասկանալ՝ արդյոք ՈՒկրաինան ներխուժե՞լ է ՌԴ տարածք, թե՞ ոչ։

Այնպես որ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում անդամ երկրներն անելիք չունեն:

Լավագույն դեպքում բարոյական աջակցություն հայտնելն է, բայց անգամ դրա ականատեսը չենք:

Այնպես որ՝ մեր մասով՝ «какой привет, такой ответ», բումերանգի օրենքը ոչ ոք չի արգելել:

Միայն Բատյան է, որ կարծես ցայտնոտի մեջ է և եղբայրական Ռուսաստանին դեռևս ռազմական աջակցության մասին ակնարկ չի արել:

Դե իսկ Զելենսկին բացահայտ խոսում է Արևմուտքի աջակցության մասին, պարբերաբար շնորհակալություն հայտնում, ինչու չէ նաև պահանջում նոր խմբաքանակի սպառազինություն տրամադրել ՈՒկրաինային:

Իսկ մինչ այդ, հնչում են արծրունհովհաննիսյանական՝ «հաղթելու ենք» կոչ-լոզունգներ, «թեժ մարտերը շարունակվում են», «դագդիգական նահանջ է» տխմար ձևակերպումներ ու «գյոռբագյոռ» օպերացիաներով թշնամուն ոչնչացնելու խոստումներ:

Իրականում ռուս-ուկրաինական պատերազմը մեզ ուրախանալու որևէ առիթ չպետք է տա։

Երկուստեք զոհվում են եղբայրական ժողովուրդները:

Յուրաքանչյուր գիտակից ու բարոյական մարդ հասկանում է, որ եղբայրասպան պատերազմը կատարյալ ողբերգություն է:

Իրականում ո՛չ ուկրաինացիները և ո՛չ էլ ռուսները կռվելու ցանկություն չունեն:

Մարդկանց զոռով են տանում բանակ, առավել ևս՝ առաջնագիծ:

Մարդիկ հասկանում են, որ իրենք ընդամենը «թնդանոթի միս» են:

Ոչ մեկը չի ուզում զոհվել Հավաքական Արևմուտքի ու Ռուսաստանի «առևտրի» պատճառով։

Ենթադրելի է, որ ՈՒկրաինայի հարձակումը առիթ կհանդիսանա Ռուսաստանի համար զանգվածային հարձակում սկսելու Կիևի վրա:

Ենթադրելի է, որ Ռուսաստանն առաջիկա օրերին կանցնի ավելի կատաղի հակահարձակման և չի բացառվում, որ նրան հաջողվի դեօկուպացնել Կուրսկի շրջանը:

Այսպիսով՝ Պուտինի մահը կամ Ռուսաստանի ոչնչացումը կանխորոշող կոնսպիրոլոգ-վանգաներն իրադարձություններից առաջ ընկնելով՝ արդեն իսկ տոնում են ՌԴ-ի պարտությունն ու կայսրության անկումը:

Դե իսկ աշխարհաքաղաքականությունից փոքրիշատե հասկացող ու սթափ վերլուծողները հետևում են զարգացումներին՝ փորձելով առանց էմոցիաների ու ավելորդ ինտրիգների, սառը դատողությամբ, փաստացի իրավիճակներին տալ ռացիոնալ, անկողմնակալ ու անաչառ եզրակացություններ:

Ինչևէ, հետևենք զարգացումներին՝ հուսալով, որ օր առաջ վերջ կդրվի եղբայրասպան պատերազմին:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 5584

Մեկնաբանություններ